Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Վախճանվել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը

Վախճանվել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը
01.09.2015 | 22:23

Սեպտեմբերի 1-ին վախճանվել է նշանավոր պետական և ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի կայացմանը մեծ նպաստ բերած գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը։ Նա ծնվել է 1926 թվականին հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում։ 1947-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
«Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991 թվականին, Գուրգեն Դալիբալթայանը հայրենիքի կանչով եկել է Հայաստան և զինվորագրվել է Հայաստանի ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին: Լինելով փորձառու զինվորական` նա իր խորհուրդներով և փորձառությամբ օգնել է նորաստեղծ զինված ուժերի երիտասարդ սպաներին: Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
1992 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի, իսկ 1996 թվականին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում: 1993-2006 թվականներին նա զբաղեցրել է նախագահի գլխավոր խորհրդականի, իսկ 2000-2006 թվականներին Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնները:
Պարգևատրվել է ԽՍՀՄ բազմաթիվ շքանշաններով։ 2001 թվականի հուլիսի 20-ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:
«Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հուղարկավորությունը զինվորական կարգով կազմակերպելու նպատակով Հայաստանի պաշտպանության նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ»,- ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ